Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հայաստանի բանակը մեր ամրոցն է

Հայաստանի բանակը մեր ամրոցն է
24.01.2014 | 13:53

ՀՀ Սահմանադրության հոդված 46. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է հերթական զորակոչը: Մեր երիտասարդները, ովքեր զորակոչվել են Հայաստանի բանակ, պարտավոր են պատվով կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Փառք Աստծո, պետությունն էլ ապահովում է հավասար իրավունքներ և հնարավորություններ, որ մեր երիտասարդները պատշաճ ծառայեն և առողջ վերադառնան իրենց օջախները: Դեռևս 2012 թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի մարզում հանդիպելով զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, հայտարարել է, որ հայկական բանակի հիմնական անգնահատելի ռեսուրսը մնում է մարդը, որ Հայաստանի Հանրապետության զինվորի երակներով հոսող արյունը հազար անգամ ավելի թանկ է, քան խողովակներով հոսող ադրբեջանական նավթը: Մենք համոզված ենք, որ, ինչպես միշտ, այդ խոսքերը տարիների ընթացքում կլինեն համոզմունքներով գործ, և մենք այլևս մեր բանակում չենք կորցնի մեր երիտասարդներին: Կասկած չկա, որ իշխանությունները և հասարակությունը կանեն ամեն ինչ, որ մեր զինվորի կյանքն ունենա իր ուրույն արժեքը և թանկ լինի յուրաքանչյուրիս համար: Բանակի մասին խոսելիս խոսքերի և գործերի միջև տարբերություն չպետք է լինի, այստեղ պետք է գործի միայն մեկ ցանկություն` մարդկային կյանքը պետք է արժևորվի բառիս բուն իմաստով: Բանակում մարդու արժեքը բարձրացնելուն ուղղված բոլոր իրական քայլերն ու ցանկությունները, ծրագրերը պետք է լինեն առաջին պլանում և պահպանվեն ու արժևորվեն յուրաքանչյուրի կողմից:
Յուրաքանչյուր տարին մեր բանակում պետք է լինի կարգապահությունն ուժեղացնելու և ամրապնդելու, բացթողումները մեղմացնելու և վերացնելու տարի: Հավատացած ենք, որ մեր բանակը պատվով կկատարի խնդիրները, մենք կունենանք կայունություն ու զարգացում հաստատելու և հայկական բանակի հզորություն ամրապնդելու տարիներ, որի ձեռքբերումներով հպարտանալու ենք բոլորս: Ինչպես մեր նախարարն է ասում, հայկական բանակը մեր տունն է, Հայաստանը պաշտպանող բերդ-ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն միևնույն օրենքներով: Հավատացած եմ, որ մեր բանակը բաց կլինի քաղաքացիական հասարակության վերահսկողության համար: Մենք կհասնենք նրան, որ մեր քաղաքացիները բանակ զորակոչվեն վստահությամբ, այն լիարժեք գիտակցումով, որ բանակում ծառայելը յուրաքանչյուրիս պարտքն է հայրենիքի նկատմամբ: Որ բանակում չծառայելը ոչ թե գլուխ գովելու երևույթ լինի, այլ բացասական արձագանք ստանա հասարակության կողմից, որ ոչ ոք երբեք չմտածի իր զավակին բանակից ազատելու մասին և հպարտանա իր զինվոր զավակով, այլ ոչ թե այս կամ այլ ճանապարհով բանակից ազատված զավակով: Այս բոլորը լինի խոր համոզմունքի և հասարակական վերափոխված գիտակցությամբ:
Բանակի մարտունակության բարձրացումը մշտական գործընթաց է, և յուրաքանչյուրս պետք է պարզ պատկերացնի, որ որքան զարգացած ու հզոր է մեր պետությունը, այնքան էլ պետք է լինի մեր բանակը: Ինչ անում ենք ու պետք է անենք, տա Աստված, որ անենք մեր բանակի նկատմամբ ունեցած հավատով և անմիջական ջերմությամբ: Հանուն Հայաստանի հզորության ու վերելքի, հանդուրժողականության և մեկս մյուսին հասկանալու և ներել կարողանալու ունակությամբ:
2014-ի հունվարի 28-ին Հայաստանը նշելու է մեր բանակի 22-ամյակը։ Մենք բոլորս մեր անվտանգության համար պարտական ենք մեր բանակին, որի 20-րդ դարի սխրագործությունները միշտ կհիշվեն ու կգնահատվեն: Հաշվի առնելով ռազմատենչ հայտարարությունները, լարվածությունը՝ մեր բանակը պետք է լինի կարգապահ, մարտունակ, պատրաստ լինի արձագանքելու և կանխելու ցանկացած ոտնձգություն, պատվով կատարելու իր առաքելությունը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրենիքի անկախության համար զոհված յուրաքանչյուր հայաստանցու հիշատակին:
Շնորհավորում ենք մեր զինված ուժերի բոլոր ներկայացույցիչներին բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ և հավատացած ենք, որ մեր զինված ուժերը մեր երկրում կլինեն խաղաղության և հետագայում մեր ինքնուրույն զարգացման ուղիների որոշման գրավականը: Մեր բանակը կրկին ու կրկին մեր նախարարի ղեկավարությամբ ապացուցում է, որ մեր «թթվածինը» մեր Հայաստանում է: Ես հավատում և վստահում եմ մեր բանակին, որովհետև խորին ակնածանքով ամեն անգամ հիշում եմ նրա ղեկավարին, գիտեմ նրա կենսագրությունը, հավատում եմ նրա գենետիկ կոդին, Հայաստանի Հանրապետությունում ստացած դաստիարակությանը, գիտեմ նրա ջերմ և հոգատար վերաբերմունքը զինվորի նկատմամբ: ՈՒժ և կորով մեր զինված ուժերին՝ օպերատիվ արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխություններին: Աղոթում ենք մեր բանակի համար, մեր տուն-ամրոցի համար, որի ամենամեծ ձեռքբերումը խաղաղության պահպանումն է մեր երկրում, ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանում: Մենք հավատացած ենք, որ մեր բանակը, հավատարիմ մնալով իր կոչմանը, կապահովի մեր երկրի սահմանների անվտանգությունն արտաքին ոտնձգություններից: Հավատացած ենք, որ այս տարի մեր բոլորի օջախներում, անկախ ազգային պատկանելությունից, սեղանների շուրջ ամենաջերմ և անկեղծ կենացի խոսքը կհնչի մեր հայրենիքի պաշտպանների պատվին: Տա Աստված, մեր բանակը իր ձեռք բերած սպառազինություններն օգտագործի իր առջև դրված խնդիրները լուծելու և խաղաղություն պահպանելու համար: Մենք հզոր ու հպարտ ենք մեր բանակով: Շնորհավոր տոնդ, Հայաստանի բանակ, մեր ամրոց:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 7046

Մեկնաբանություններ